AM
14 Ապրիլ 2006 - 09:28 AMT

Ադրբեջանի հասարակությունը տեղեկատվություն է պահանջում Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերաբերյալ

Ադրբեջանի ընդդիմության քաղաքական համակարգման կենտրոնը (ԸՔՀԿ) մտադիր է մայիսի 6-ին Բաքվում հանրահավաք կազմակերպել: «Ակցիայի բանաձեւի հիմնական թեման կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ այսօր տեղի ունեցող գործընթացների մասին տեղեկատվության քննարկման անհրաժեշտությունը երկրի քաղաքական շրջանակների եւ խորհրդարանականների կողմից»,-«Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանն է հայտարարել ԸՔՀԿ համանախագահներից մեկը` «Ումիդ» (Հույս) կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Իղբալ Աղազադեն: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, այլ միջազգային կառույցների վերջին հայտարարությունների լույսի ներքո այն մասին, որ 2006 թվականը առավել նպաստավոր է հակամարտության կարգավորման համար, ադրբեջանական հանրությունը դեռեւս չունի բավարար տեղեկատվություն բանակցությունների փուլի մասին:

«Հնարավոր է, որ տեղեկատվությունը լիովին չի կարող հրապարակվել, սակայն կառավարությունը պետք է խորհրդակցություններ անցկացնի այդ առիթվ քաղաքական շրջանակների եւ պատգամավորների հետ: Դա պետության խնդիրն է, եւ այդ պատճառով եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը պետք է կարողանա միասնական դիրքորոշում մշակել այդ հարցի շուրջ»,-ասել է Ի.Աղազադեն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: