AM
14 Ապրիլ 2006 - 14:17 AMT

ԱՄՆ-ում կայացել է հայկական հարցերին նվիրված գիտաժողով

ԱՄՆ մի շարք քաղաքներում ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ կայացել է հայկական հարցերին նվիրված մեկշաբաթյա գիտաժողով: Գիտաժողովը սկսվել է ապրիլի 7-ին Նյու Յորքի Էթիկայի ինստիտուտում, որին մասնակցել են ավելի քան հազար հոգի, այդ թվում Կանադայի ՀՅԴ երիտասարդական կազմակերպության 20 անդամներ, ինչպես նաեւ հյուրեր Ֆիլադելֆիայից, Վաշինգտոնից, Բոստոնից եւ Լոս Անջելեսից:

Ապրիլի 9-ին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում ելույթ է ունեցել Ռոբերտ Ֆիսկը պատերազմի, աշխարհաքաղաքականության եւ պատմության մասին զեկույցով` շոշափելով Հայոց ցեղասպանույթան հետեւանքի խնդիրը Մերձավոր Արեւելքի հետագա պատմության համար:

Գիտաժողովի հիմնական միջոցառումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին, Նյու Յորքում: Վեց աշխատանքային խմբերում քննարկվել են Կովկասում մարդու իրավունքներին, գլոբալացմանը, հայ-թուրքական հարաբերություններին եւ այլ հարցերի վերաբերող թեմաներ: Ռոբերտ Ֆիսկը ներկայացրել է նաեւ իր գիրքը` «Քաղաքակրթության մեծ պատերազմը», որտեղ մի ամբողջ գլուխ է նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ֆիսկը Հայոց ցեղասպանությունն անվանել է «առաջին հոլոքոստը»: Նա նաեւ հայտնել է, որ նախատեսում է մեկնել Վան եւ Արեւմտյան Հայաստանի այլ բնակավայրեր` իր գրքի թուրքերեն տարբերակը հրատարակելու համար, հաղորդում է «Երկիրը»: