AM
15 Ապրիլ 2006 - 10:59 AMT

Ակիֆ Նաղի. «Հունգարական դատարանները արժանի չեն վստահության»

«Կատարվածից հետո մենք չենք կարող վստահել Ռ.Սաֆարովի ճակատագիրը Հունգարիայի դատարաններին»,-հայտարարել է Ռ.Սաֆարովի իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Ա.Նաղին: Նրա խոսքերով, Բուդապեշտի դատարանը կայացրեց «անարդար եւ շատ խիստ դատավճիռ» ադրբեջանցի սպա Ռ.Սաֆարովի վերաբերյալ: «Դա վկայում է այն մասին, որ Հունգարիայում բացակայում է արդար արդարադատությունը: Հունգարիայի իշխանությունների եւ դատարանների վարկաբեկման հետ միասին, դա նաեւ ցույց տվեց նրանց կախվածությունը հայկական լոբբիից: Ավելին, իմաստ չունի դիմել այդ երկրի բարձրագույն դատական ատյաններին»,-նշել է Նաղին: Նա նաեւ հայտարարել է, որ «առաջին անարդարությունն այն էր», որ Ռ.Սաֆարովի գործը քննվեց ոչ թե ռազմական տրիբունալում, քանի որ նա զինծառայող էր, այլ քաղաքացիական դատարանում: «Հաշվի առնելով այս ամենը, մենք գտնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է շտապ ջանքեր գործադրեն վերադարձնելու համար Ռ.Սաֆարովին հայրենիք: Հունգարիայում նրա մնալու ամեն մի օրը սպառնալիք է նրա կյանքի համար: Բացի այդ, անհրաժեշտություն չկա վերանայելու Ռ.Սաֆարովի գործը Հունգարիայի այլ դատական ատյաններում: Նրա գործը պետք է քննվի ՆԱՏՕ-ի գծով ռազմական տրիբունալում կամ որեւէ չեզոք եվրոպական երկրում: Մենք չենք վստահում հունգարական դատարանին»,-ընդգծել է Կոմիտեի նախագահը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը: