Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի կապակցությամբ Լիոնի արքեպիսկոպոս Ֆիլիպ Բարբարինը հայտարարություն ընթերցեց, որտեղ մասնավորապես, իր եղբայրական զգացմունքներն էր հայտնում հայ ժողովրդի հանդեպ, հաղորդում է «Gazeta Wyborgza»: Իր ելույթում նա հիշեցրեց, որ 1915-20 թթ. թուրքերի ձեռքից ընկան շուրջ 1,5 մլն հայեր: «Նրանք սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին եւ քրիստոնյա»,-նշել է նա` ընդգծելով, որ եղել են նաեւ թուրքեր, որոնք փրկել են հայերին: Նրա խոսքերով, այն փաստը, որ «հայկական հողը հեռու է Եվրոպայի սահմաններից», չպետք է խանգարի, որ ամբողջ Եվրոպայով մեկ բարձրաձայնվի բողոքն ընդդեմ վանդալիզմի հայկական գերեզմանոցների հանդեպ` Իրանի եւ Ադրբեջանի հետ սահմանում: «Տեսեք, խաղաղությունը հնարավոր է բազմամյա բախումներից եւ կրոնական պատերազմներից հետո»,-հայտարարել է նա: «Հենց այն պատճառով, որ Եվրոպան այսօր խաղաղ է ապրում , նա գրավում է նոր հարեւաններին` Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային»,-ասել է Ֆիլիպ Բարբարինը: Լիոնի հայկական համայնքը մեծաթիվ է, ազդեցիկ եւ ինտեգրված է ֆրանսիական հասարակությանը: Այն կազմում է բոլոր էմիգրանտների թվի 4 տոկոսը: Թերթը հաղորդում է նաեւ, որ մի քանի օր առաջ թուրքական ալիքներից մեկը ցուցադրեց «Արարատ» ֆիլմը:





