AM
25 Ապրիլ 2006 - 10:33 AMT

Ֆրանսիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված շուրջ 160 միջոցառում

Փարիզում Հայոց Մեծ Եղեռնի 91-րդ ամյակին նվիրված միջոցառումները սկսվեցին ապրիլի 23-ին: Հայոց Ցեղասպանության հիշատակին պատարագ մատուցվեց Փարիզի Աստվածամոր տաճարում: Նույն օրը երեկոյան ժամը 18-ից մասնակիորեն փակվեց Շանզ-Էլիզե պողոտայի Շառլ դը Գոլ հրապարակին հարող հատվածը, եւ հարյուրավոր ֆրանսահայեր, փարիզցիներ դրոշներով ու ծաղիկներով լուռ քայլեցին դեպի Հաղթանակի կամարը, որտեղ ՀՀ դեսպանը եւ Ֆրանսիայի նախագահ Ժ. Շիրակի հատուկ ներկայացուցիչ Ելիսեյան պալատի զինվորական հրամանատարը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ ի նշան հարգանքի 1915 թ. Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 մլն հայերի, հանդիսավորությամբ բորբոքեցին Անմար կրակը եւ ծաղկեպսակ դրեցին Անհայտ Զինվորի շիրիմին:

Ապրիլի 24-ի առավոտյան Ֆրանսիայի տարբեր քաղաքաների մոտ չորս տասնյակ հայկական եկեղեցիների զանգերն ազդարարեցին Հայոց Մեծ Եղեռնի սգո պատարագների սկիզբը: Զոհերի հիշատակին պատարագ մատուցվեց նաեւ Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցում: Ծաղկեպսակներ զետեղվեցին Կոմիտասի բրոնզաձույլ հուշարձանին, որին մասնակցում էին բազմաթիվ քաղաքական գործիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների զեկավարներ, փարիզցիներ: Այնուհետեւ մասնակիցների հոծ բազմությունը` ի նշան բողոքի, լուռ երթով ուղեւորվեց դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Ապրիլի 24-ի առավոտյան Մարսելում ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանի եւ ՀՀ դեսպան Է. Նալբանդյանի մասնակցությամբ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, որին ներկա էին պետական եւ քաղաքական գործիչներ, հազարավոր հայեր: Նույն օրը ՀՀ դեսպան Է. Նալբանդյանը եւ Լիոնի քաղաքապետ, պատգամավոր Ժ. Կոլոմբը Լիոնի կենտրոնական հրապարակում բացեցին Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան, որի իրականացման մեջ մեծ ներդրում ունի Լիոնի ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող կոմիտեն: Ելույթ ունենալով այդ կապակցությամբ` ՀՀ դեսպան Է.Նալբանդյանը նշեց, որ Ֆրանսիայի տարածքում սփռված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոտ 5 տասնյակ հուշարձանները, Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի ընդունման հետ միասին, ընկալվում են որպես Ֆրանսիայի ժողովրդի կողմից ոչ միայն Ցեղասպանության ճանաչում եւ դատապարտում, այլ նաեւ հայ ժողովրդի հանդեպ համերաշխության դրսեւորում: Ապրիլի 23-24-ին Ցեղասպանության զոհերի հիշատակի մոտ 160 զանգվածային միջոցառումներ տեղի ունեցան Ֆրանսիայի վեց տասնյակ քաղաքներում` Գրենոբլում, Տուլոնում, Վալանսում, Մոնպելիեում, Կաննում եւ այլուր: Ֆրանսիական մամուլը եւ հեռուստատեսությունը լրատվական ծրագրերով եւ հատուկ թողարկումներով լայնորեն արձագանքեցին Եղեռնի ոգեկոչումներին, ֆրանսիական տարբեր հեռուստաալիքներով ցուցադրվեցին Ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր: