Կանադայի արտգործնախարար Պիտեր Մաքքեյը հաստատել է Կանադայի կառավարության քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, հաղորդում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը: Նրա խոսքերով, կառավարությունը կրկին իր աջակցությունն է հայտնում Հայոց ցեղասպանությունը ճանաչող Սենատի եւ Համայնքների պալատի բանաձեւին: Նիստի ավարտին, Համայնքների պալատի խոսնակը կոչ արեց խորհրդարանականներին մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ավելի վաղ ԿՀԴՀ-ի պատվիրակությունը Հակոբ Տեր-Խաչատուրյանի եւ Կանադայի հայոց եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Խաժակ Հակոբյանի գլխավորությամբ, այցելեց Հայաստանի դեսպանատուն եւ ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Այնուհետեւ տեղի ունեցավ Կանադայի Համայնքների պալատի նիստը, որի ընթացքում քաղաքական կուսակցությունները հանդես եկան հայտարարություններով Հայոց ցեղասպանության վերաբերյալ:





