Սթրասբուրգի Հանրապետության հրապարակում Զոհվածների հուշարձանին ծաղկեպսակներ դրվեցին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ք. Տեր-Ստեփանյանի, Էլզասի հայ համայնքի ներկայացուցիչների, քաղաքապետի եւ դեպարտամենտի ներկայացուցիչների կողմից: Այնուհետեւ Ստրասբուրգի Սեն-Մորիս կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ էկումենիկ արարողություն նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայ առաքելական, կաթոլիկ, բողոքական, ուղղափառ, հունական, սերբական եւ ռումինական եկեղեցիների հոգեւոր հովիվների մասնակցությամբ: Արարողություններին ներկա էին Սթրասբուրգի քաղաքապետարանի եւ դեպարտամենտի ներկայացուցիչներ եւ դիվանագետներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ապրիլի 23-ին եւ 24-ին Ռումինիայամ շարունակվում էին Հայոց Մեծ Եղեռնի 91-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումները: Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի, Ռումինահայոց միության, այցով Ռումինիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի, ՀՀ դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին Բուխարեստում 2002 թ. եւ 2005-ին զետեղված երկու խաչքար-հուշարձաններին: Ա. Կիրակոսյանը ապրիլի 24-ին ելույթ ունեցավ Բուխարեստում Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողությանը, որը կատարվեց Հայ Առաքելական եկեղեցու ռումինահայոց թեմի առաջնորդ Տ. Տիրայր Արք. Մարտիկյանի կողմից: Ոգեկոչման եւ հիշատակի արարողություններ տեղի անեցան Կոնստանցա, Սուչավա, Կլուժ Նապոկա քաղաքներում: Առաջիկա օրերին միջոցառումներ են կայանալու հայաբնակ այլ վայրերում: Միջոցառումները լուսաբանվում են ռումինական լրատվամիջոցների կողմից:





