«Միանգամայն հնարավոր է, որ ապրիլի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հանդիպման հիմնական թեման լինեն էներգետիկայի եւ անվտանգության ոլորտների քննարկումները: Սա Ալիեւի առաջին այցն է ԱՄՆ եւ անկասկած Սպիտակ տուն նրա հրավերի պատճառներից մեկը կապված է Իրանի միջուկային նկրտումների հետ»: Այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ինչպես ասել է Ս.Ֆրեյզերը, եթե ԱՄՆ-ն ցանկանում է պաշտպանել իր շահերը էներգետիկ եւ անվտանգության ոլորտներում, ապա հիմնական ուշադրությունը պետք է դարձվի չլուծված ղարաբաղյան հակամարտությանը: «ԱՄՆ-ն պետք է շահագրգռված լինի ղարաբաղյան խնդրի լուծմամբ: Քանի որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, որի շինարարությունն ավարտին է մոտենում, անցնում են հակամարտող կողմերի ճակատային գծից 30 մղոն հեռավորության վրա: Վաշինգտոնում Ի.Ալիեւին բացահայտորեն կասվի, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն անթույլատրելի է: Բացի այդ, ԱՄՆ-ն պետք է ներգրավի Ադրբեջանին լայնամասշտաբ եւ համակողմանի խաղաղ պայմանագրի ստորագրմանը: Որպես առաջին քայլ Ալիեւը պետք է պայմաններ ստեղծի Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովրդների շփման համար:
Ինչպես նշել է Սաբինա Ֆրեյզերը, մինչ այժմ Բուշի վարչակազմը Ադրբեջանի հանդեպ եռակողմ մոտեցում ուներ: «Դա ազատության ձեռքբերում է բարեփոխումների, անվտանգության եւ էներգետիկայի միջոցով»: Նրա խոսքերով, Ի.Ալիեւը մինչ այժմ պաշտոնական հրավեր չէր ստացել Սպիտակ տնից 2003 թ. նախագահական եւ 2005 թ. խորհրդարանական ընտրությունների բազմաթիվ խախտումների եւ ընդդիմությանը ճնշելու պատճառով: «Չնայած ժողովրդավարական բարեփոխումների դանդաղ ընթացքին, ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը 2003-2005 թթ. երեք անգամ այցելեց Ադրբեջան: Որոշ դիտորդներ Բաքվում գտնում են, որ պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդումից բացի, այդ այցերը կարող են նպաստել ամերիկյան զինված ուժերի տեղակայմանը ադրբեջանական տարածքում` Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու համար: Հնարավոր է, որ այսօրվա հրավերը Թեհրանի հանդեպ Բուշի վարչակազմի ճնշումը ուժեղացնելու փորձերի բաղկացուցիչ մասն է: Հետաքրքիր է նաեւ այն, որ Ալիեւը պատրաստվում է մայիսին ընդունել Բաքվում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին»:
Ըստ Ս.Ֆրեյզերի, եթե ԱՄՆ-ն ցանկանում է ստանալ Ադրբեջանի երկարաժամկետ աջակցությունը Իրանի վերաբերյալ իր քաղաքականության կապակցությամբ, ապա Վաշինգտոնի լավագույն ընտրությունը կլիներ Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ապահովումը: «Մինչեւ չլուծվի ղարաբաղյան խնդիրը, Ադրբեջանը շահագրգռված չի լինի փչացնել հարաբերությունները Իրանի հետ: Եվ հակառակը, եթե Ադրբեջանը ցանկանա ռազմական ուժ կիրառել Իրանի հյուսիսային սահմանների մոտ գտնվող ԼՂ դեմ, դա կարող է վնասել ԱՄՆ էներգետիկ եւ անվտանգության շահերին եւ պատճառ հանդիսանալ Ադրբեջանի տնտեսություն ներդրումների դադարեցման համար: Այդ թեմաները հարկավոր է քննարկել Ալիեւի հետ, ինչպես նաեւ Իրանի միջուկային սպառնալիքի վերաբերյալ արդիական հարցը», հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:





