AM
26 Ապրիլ 2006 - 14:30 AMT

Վաշինգտոնում բացվել է հայկական հուշարձաններին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

Ապրիլի 24-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում բացվեց լուսանկարների ցուցահանդես, նվիրված Թուրքիայամ եւ Նախիջեւանում հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակին: Մի քանի տասնյակ լուսանկարները, որը ներկայացրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության փոխնախագահ Ժ. Մանուչարյանը, պատկերում են նշված տարածքներում հայոց պատմական հուշարձանների, վանքերի եւ խաչքարների նկատմամբ իրականացվող հետեւողական ոչնչացման քաղաքականության ընթացքն ու հետեւանքները: Կազմակերպությունը գործում է «մշակութային ցեղասպանության» դատապարտման կարգախոսի ներքո եւ կազմակերպում է ցուցահանդեսներ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու հայկական պատմամշակութային արժեքների պաշտպանման անհրաժեշտությանը:

Ցուցահանդեսի բացման խոսքում ՀՀ դեսպան Թ. Մարգարյանը բարձր գնահատեց Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրման, պատմական իրադարձությունների հետեւանքով կորսված կոթողների վերծանման եւ փաստագրման ուղղությամբ տարվող աշխատանքը` մասնավորապես ընդգծելով վերջերս Նախիջեւանում իրականացված հայկական խաչքարների բարբարոսական ոչնչացման փաստը: Ցուցահանդեսը գործելու է առաջիկա տասնօրյակում, այն արդեն այցելել են հարյուրավոր ամերիկահայեր, ամերիկյան պաշտոնյաներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: