Ապրիլի 26-ին նախատեսված ռազմական տեխնիկայի դուրս բերումը Ախալքալաքի ռուսական ռազմակայանից որոշակի խնդիրների առջեւ է կանգնել: Վրաստանից ստացվող տեղեկատվության համաձայն, ապրիլի 25-ին Ախալքալաքի հայ բնակչության ներկայացուցիչները շրջափակել են Ախալքալաքի ռուսական ռազմակայանը, բողոքելով նրա դուրս բերման դեմ, ինչն, ըստ իրենց, կհանգեցնի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը տարածաշրջանում: Այդ մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխաիլ Կամինինը: Նրա խոսքերով, կայանի հրամանատարությունը դիմել է տեղի ռազմական ոստիկանության ղեկավարությանը եւ Վրաստանի ՆԳՆ` առաջարկելով ապահովել ռազմական տեխնիկայի դուրս բերման անվտանգությունը: Սակայն վրացական իշխանությունները հրաժարվել են որեւէ միջոց ձեռնարկել, ասելով, թե դա չի մտնում իրենց պարտականությունների մեջ: Ըստ Մ.Կամինինի, ՌԴ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ ըստ 2006 թ. մարտի 31-ին ստորագրված «Վրաստանի տարածքում ռուսական ռազմակայանների եւ Անդրկովկասում ռուսական զորախմբի այլ ռազմական օբյեկտների գործունեության եւ դուրս բերման ժամկետների եւ կարգի մասին» ռուս-վրացական համաձայնագրի, հենց վրացական կողմն է պարտավորվել ապահովել ռազմակայանի դուրս բերման անվտանգությունը եւ դուրս բերվող տեխնիկայի եւ անձնակազմի տեղափոխման կազմակերպումը: «Այդ համատեքստում Մոսկվան ակնկալում է, որ վրացական իշխանությունները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն Ախալքալաքում: Վրաստանի հարավում գտնվող Ախալքալաքի ռազմակայանը պետք է լիովին դուրս բերվի մինչեւ 2007 թվականի ավարտը»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է ՌԲԿ-ն: Նշենք, որ ռազմական տեխնիկան պետք է դուրս բերվի Ադրբեջանի տարածքով` երկաթուղով: Ներկայումս կայանում է գտնվում սպառազինության 700 միավոր` տանկեր, բրոնեմեքենաներ, հրաձգային համակարգեր եւ այլն:





