AM
27 Ապրիլ 2006 - 09:52 AMT

Թուրքիայի ԱԳՆ-ն համաձայն չէ Ջորջ Բուշի որոշ արտահայտությունների հետ

«Թուրքիան չի կարող համաձայնել ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի արած որոշ արտահայտությունների հետ: Մյուս կողմից` միացյալ հանձնաժողով ստեղծելու առաջարկը դրական է»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նամիկ Թանը: «Պատմությունը հնարավոր է գրել միայն պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Աղբյուրը արխիվներն են»,- ասել է Թանը` ավելացնելով, թե թուրք-հայկական միացյալ պատմության հակասական հատվածը կարելի է ուսումնասիրել միայն գիտական տեսանկյունից եւ գնահատական տալ միայն այդպիսի ուսումնասիրությունների հիման վրա: «Հետեւաբար Հայաստանին Թուրքիայի կողմից արված առաջարկը` ուսումնասիրել 1915-ից առաջ եւ հետո տեղի ունեցած դեպքերը պատմաբանների միացյալ հանձնաժողովում եւ արդյունքների մասին տեղյակ պահել ժողովրդին, կարող է բացահայտել պատմության այդ ժամանակահատվածը եւ նորմալացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը, հաղորդում է «Երկիր» թերթը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի իր ելույթում Ջ.Բուշը մասնավորապես ասել է. «Այսօր մենք հիշում ենք 20 դարի ամենաահավոր ողբերգություններից մեկը` 1,5 մլն հայերի զանգվածային սպանություններն ու բռնագաղթը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում: Դա ողբերգություն էր ողջ մարդկության համար, որն աշխարհը երբեք չպետք է մոռանա: Մենք ողբում ենք պատմության այդ ահավոր էջի մասին եւ հասկանում ենք, որ այդ ողբերգությունը ցավի աղբյուր է Հայաստանի ժողովրդի եւ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են ազատությանը, հանդուրժողականությանը, մարդկային կյանքի արժանապատվությանն ու արժեքին: Փառք ու պատիվ հայերի սերունդներին Հայաստանում, Ամերիկայում եւ ողջ աշխարհում, որոնք վերապրեցին այդ ողբերգությունը եւ պահպանեցին իրենց բազմադարյա մշակույթը, ավանդույթներն ու հավատը: Մենք ողջունում ենք այն մարդկանց Հայաստանում եւ Թուրքիայում, որոնք ձգտում են հետազոտել այդ շրջանի պատմական իրադարձությունները: Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի հետազոտությունների արդյունքները թեեւ վերջնական չեն, մեծ լումա ներդրեցին այդ իրադարձությունների մեր ընկալումը խորացնելու մեջ: Մենք երկխոսության կոչ ենք անում, այդ թվում համատեղ հանձնաժողովների միջոցով, որոնք ձգտում են մոտեցնել Հայաստանն ու Թուրքիան նորմալ հարաբերություններին: Այսօր մենք հույսով ենք նայում Հայաստանի լուսավոր ապագային: Հայաստանի ներառումը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում արտացոլում է այն կարեւորությունը, որ մենք տալիս ենք ժողովրդավարական բարեփոխումներին եւ ազատ շուկայի զարգացմանը Հայաստանում: Մենք փորձում ենք օգնել Հայաստանին անվտանգության հարցում եւ Եվրոատլանտյան ընտանիքին ավելի խորը ինտեգրվելու հարցում: Մենք հավատարիմ ենք մնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ վերջնական կարգավորմանը եւ հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համաձակ քայլեր կձեռնարկեն այդ նպատակին հասնելու համար: Սգո հիշատակման այս հանդիսավոր օրը մենք խորապես ցավակցում ենք հայ ժողովրդին: Նշենք նաեւ, որ չնայած ամերիկացի կոնգրեսականների կոչին, Ջ.Բուշը այս տարի եւս չանվանեց 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները Հայոց ցեղասպանություն: