AM
27 Ապրիլ 2006 - 12:35 AMT

Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի եւ ԼՂՀ խորհրդարանականների հանդիպումը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) եւ Հայաստանի միջխորհրդարանական համագորածկցության հանձնաժողովի նիստը Ստեփանակերտում անցավ բավականին գործնական մթնոլորտում եւ գործնական բնույթ էր կրում: Այդ մասին այսօր Ստեփանակերտում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, ԼՂՀ եւ Հայաստանի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, նիստում քննարկվել են Հայաստանի եւ ԼՂ տնտեսական ինտեգրման որակի եւ մակարդակի բարձրացմանն, միջխորհրդարանական համագործակցության արդյունավետությանը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն, ԼՂՀ Սահմանադրության մշակմանը, եվրոպական չափանիշների հետ օրենսդրության ներդաշնակեցմանն առնչվող հարցեր: Ընդ որում Տ.Թորոսյանն ընդգծել է, որ քննարկումները ԼՂՀ պատգամավորների հետ կարեւորվում են եւ որակով չեն զիջում Հայաստանի ԱԺ աշխատանքին այլ երկրների խորհրդարանների հետ: Մեկնաբանելով ղարաբաղյան խնդրի քննարկումները եվրոպական կառույցներում, ՀՀ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում միշտ ընդգծում են, որ կարգավորման ընթացքում պետք է պարտադիր հաշվի առնվի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ըստ նրա, Եվրոպայի Խորհուրդը իր խնդիրը համարում է ոչ թե խնդրի լուծում գտնելը, այլ կարգավորման համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելը: Տ.Թորոսյանը հաղորդել է նաեւ, որ հոկտեմբերին ԵԽԽՎ ԼՂ գծով ժամանակավոր հանձնաժողովի պատվիրակությունը մտադիր է այցելել ԼՂՀ:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն ասաց, որ ԼՂՀ Ազգային ժողովի ընդգրկումը եվրոպական կառույցներին հայկական խորհրդարանական պատվիրակությունների կազմում անհնար է: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «մենք փորձում ենք հնարավորություն գտնել առավել արդյունավետ դարձնելու մեր համատեղ գործունեությունը»:

Անդրադառնալով Բաքվի պաշտոնական դիրքորոշմանը, որը պնդում է, թե հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա` Տ.Թորոսյանն ընդգծեց, որ ԼՂՀ-ն եւ ղարաբաղյան խնդիրը ոչ մի կապ չունեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: «Կարծում եմ, որ Իլհամ Ալիեւը կխոսի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին նույնիսկ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումից հետո»,-ասել է Հայաստանի ԱԺ փոխխոսնակը: Ըստ նրա, երկու սկզբունքներն էլ պետք է հարգել, սակայն Լեռնային Ղարաբաղի դեպքում, որն ինքնորոշվել է միջազգային իրավունքին համապատասխան, գերակայում է հենց այդ սկզբունքը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: