AM
29 Ապրիլ 2006 - 09:57 AMT

Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կարող է կայանալ հունիսին

Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չի հեռանա երեք հիմնական սկզբունքներից. ԼՂՀ անկախությունը,նրա անվտանգության ապահովումը եւ Հայաստանի հետ հաղորդակցությունը: Միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից հետո հնարավոր կլինի խոսել մնացած հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղում գտնվող ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Ընդ որում, նա ընդգծեց, որ վաղօրոք է համարում գաղթականների վերադարձի, տարածքների հանձնման եւ խաղաղապահների մասին խոսակցությունները:
«Եթե հենց այսօր նախագահ Ալիեւը Վաշինգթոնում հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա ինչպի՞սի տարածքների մասին կարող ենք մենք խոսել»,- ասել է Վ. Օսկանյանը: Վարդան Օսկանյանը նշեց, որ մայիսին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները, իսկ հունիսին, հնարավոր է, կայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: