Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է ավանդական տարեկան զեկույցը` աշխարհում մամուլի ազատության մակարդակի վերաբերյալ: Զեկույցի համաձայն, 2005 թվականին մամուլի ազատության հետ կապված առավել լուրջ խնդիրներ են առաջացել Ռուսաստանում եւ Ուզբեկստանում, Աֆրիկայի եւ Ասիայի մի շարք երկրներում: Երկրների վարկանիշը հիմնվում է չափանիշերի երեք խմբի վրա. ԶԼՄ-ների մասին օրենսդրությունը, քաղաքական գործոնները, այդ թվում ԶԼՄ-ների նկատմամբ պետական վերահսկողությունը, ցենզուրայի առկայությունը եւ տնտեսական իրադրությունը, օրինակ` ԶԼՄ-ների տնտեսական անկախության, լրագրողների կոռումպացվածության մակարդակը:
Այսպես, այսօր 194 հետազոտված պետություններից 73-ում մամուլը «ազատ է», 54 երկրներում «մասնակի ազատ է», իսկ 67-ում «ազատ չէ»: Զեկույցի համաձայն, ԱՄՆ-ը 17-րդ տեղում է, ինչպես նաեւ Էստոնիան: Լիտվան 26-րդ տեղում է (Կանադայի հետ մեկ տեղ), Լատվիան 31-րդ տեղում է (Մեծ Բրիտանիայի հետ), Ուկրաինան 113-րդ տեղում է, Վրաստանը 118-րդ տեղում է, Հայաստանն ու Ղրղզստանը 137-րդ տեղում են, Մոլդովան` 141-րդ, Ռուսաստանը` 158-րդ (Բահրեյնի եւ Վենեսուելայի հետ), Ադրբեջանը 161-րդ տեղում է, Ղազախստանը` 165-րդ, Տաջիկստանը` 167-րդ, Բելառուսը` 185-րդ, Ուզբեկստանը` 187-րդ, Թուրքմենստանը` 190-րդ:





