AM
4 Մայիս 2006 - 11:01 AMT

«Կոմերսանտ». Ուղեւորվել դեպի Սոչի օդաչուին կարող էր «շատ խնդրել» VIP-ուղեւորներից մեկը»

Սոչիի շրջանում տեղի ունեցած Ա-320 վթարի հստակ պատկերը կարող է պարզել Միջազգային ավիացիոն կոմիտեի տեխնիկական հանձնաժողովը: Ճիշտ է Սոչի ժամանած ՄԱԿի մասնագետները դեռեւս չեն կարող աշխատել` ինքնաթիռի կմախքի հատվածները, որտեղ գտնվում են բորտային ինքնագրիչները, գտնվում են 500-600 մետր խորության վրա: Դրանք նախատեսվում է հանել բատիսկաֆի եւ տրալների միջոցով: Եթե դա արագ չարվի, ապա Սեւ ծովի ծծմբաջրածնով հագեցած հատակամերձ շերտը կարող է վնասել ինքնագրիչները, գրում է «Կոմերսանտը»: «Ա-320-ի անձնակազմը շատ փորձառու էր: Նույնիսկ բարդ է պատկերացնել, թե այդ մարդիկ, որոնք գիտեին ուղերթը հինգ մատի պես, կարող էին ինչ-որ սխալ թույլ տալ»,-ասել է զոհված օդաչուների գործընկերներից մեկը: Իսկ Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչությունում ասում են, թե օդանավի հրամանատար Գրիգորի Գրիգորյանը երկրի ամենահարգված օդաչուներից մեկն էր: Մինչդեռ նրա անձնակազմի գործողություններն այս վերջին թռիչքում արդեն հարցեր են հարուցել տեխնիկական փորձագետների եւ դատախազության մոտ: Թռիչքից արդեն 40 րոպե անց Գրիգորյանը, որի ինքնաթիռը գտնվում էր վրացի օդաչուների պատասխանատվության գոտում, նախազգուշացում է ստացել նրանցից բարդ օդերեւույթաբանական պայմանների մասին ժամանման օդանավակայանում: Այդ ազդանշանից հետո ԻԿԱՕ-ի` քաղավիացիայի միջազգային կազմակերպության պահանջների համաձայն, հրամանատարը պետք է ինքը որոշում կայացներ` շարունակել թռիչքը թե վերադառնալ: Հրամանատար Գրիգորյանը զեկուցել է, որ վերադառնում է Երեւան: «Վրացավիանավիգացիա» ԲԲԸ դիտորդական խորհրդի նախագահ Գեորգի Կարբելաշվիլիի խոսքերով, այդ պահին դիսպետչերը հետաքրքրվել է, թե բավարար է արդյոք վառելիքի քանակը վերադարձի համար, առաջարկելով ազատ վայրէջքային ուղիներ մոտակա Բաթումի եւ Թբիլիսիի օդանավակայաններում: Հայ օդաչուն պատասխանել է, որ մնացել է 2 ժամվա թռիչքի համար բավարար քանակի կերոսին, ինչը միանգամայն բավարար է տուն հասնելու համար: Սակայն Քութաիսի շրջանում Ա-320 կրկին 180 աստիճանի շրջադարձ է կատարել, ուղղվելով դեպի Սոչի: Փորձառու օդաչուները չեն բացառում շրջադարձի այլ պատճառաբանություն` ուղեւորվել դեպի Սոչի օդաչուին կարող էր «շատ խնդրել» VIP-ուղեւորներից մեկը»:

Ըստ ցուցակների ինքնաթիռում եղել է 150 ուղեւոր, որոնցից 26-ը` Ռուսաստանի քաղաքացիներ, եւ 8-ը` անձնակազմի անդամներ, ընդամենը` 113 հոգի: Զոհվածների թվում են` «Արմավիա» ընկերության նախկին տնօրեն Վյաչեսլավ Յարոլովը, որը Սոչի էր մեկնում զոքանչի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով, գեներալ Հուսիկ Հարությունյանը` Հայկական ԽՍՀ ՊԱԿ-ի նախկին ղեկավարներից մեկը, իսկ վերջին տարիներին նա գլխավորում էր ռուսական «Զակնեֆտեգազստրոյ-Պրոմեթեյ» ընկերության հայկական բաժանմունքը, Արամ Պետրոսյանը` Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ռուսական «Տրանսնեֆտի» ղեկավարի խորհրդական Կառլոս Պետրոսյանի որդին: