AM
11 Մայիս 2006 - 13:40 AMT

Ա-320-ի «սեւ արկղերի» գտնվելու վայրը որոշվել է հինգ մետրի ճշտությամբ

Մասնագետներին հաջողվել է հինգ մետրի ճշտությամբ որոշել Ա-320 աերոբուսի ինքնագրերի գտնվելու վայրը, հաղորդում է ինքնաթիռի աղետի վայրում որոնման աշխատանքների ղեկավարներից մեկը: «Այժմ արդեն երկու անգամ չափումներ են կատարվել ստույգ ուղության որոշման ֆրանսիական համակարգի միջոցով, որի տվյալները հաստատել է ռուսական խորջրյա հետազոտության «Կալմար» սարքը: Ինքնագրեր «սեւ արկղերի» տեղը որոշվել է հինգ մետրի ճշտությամբ»,- ասել է փրկարարը: Նրա խոսքերով, այսօր «Կալմարի» հետ կապված աշխատանքները ավարտված են: Առաջիկա ժամերին տարվելու է ստացված տվյալների մաթեմատիկական մշակումը: Ուրբաթ օրը, մայիսի 12-ին ծրագրված է «Կալմար» սարքի սուզումը, որի օգնությամբ մասնագետները հուսով են ստանալ ինքնաթիռի ինքնագրերի գտնվելու վայրի ճգրիտ հաստատումը»,- ավելացրել է նա: Ֆրանսիացի մասնագետները` ինքնագրերի ստույգ ուղության որոշման սարքով գտնվում են «Նավիգատոր» նավի վրա, իսկ ռուս մասնագետները «Կալմար» սարքով գտնվում են «Զալիվ» նավի վրա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերության` Երեւան-Սոչի չվերթն իրականացնող Ա-320 ինքնաթիռը վթարի է ենթարկվել մայիսի 3-ի գիշերը ափից մոտավորապես վեց կիլոմետր հեռավորության վրա Ադլերի օդանավակայան վայրէջք կատարելու ժամանակ: Ինքնաթիռում գտնվել է 113 մարդ, այդ թվում անձնակազմի ութ անդամներ եւ հինգ երեխա, նրանք բոլորը զոհվել են: Հետքննչական եւ որոնողական միջոցառումների արդյունքում Սեւ Ծովում հայտնաբերվել են ինքնաթիռի շասսին եւ պոչը: Իրանի հիմնական հատվածը ներկա տվյալներով գտնվում է ծովի խորքում եւ դրա բարձրացման համար հատուկ խորջրյա աշխատանքներ իրականացնող տեխնիկա կպահանջվի: