AM
12 Մայիս 2006 - 12:08 AMT

Ադրբեջանը պետք է սպասի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, գտնում են Բաքվում

«Շուտով Հայաստանում իրար ետեւից կանցնեն խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, որոնցից հետո այն կթուլանա որպես պետություն: Հայերը իրենք հասկանում են դա: Այդ է պատճառը, որ խիստ դիրքորոշումը, որ հայերը ունեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, այժմ ստանում է անկողմնորոշվածության ուրվագծեր: Այդ պատճառով էլ նրանք սկսել են ընդունել իրենց կողմից որոշակի զիջումներ կատարելու հնարավորությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Նորարարության եւ քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդողլուն` վերլուծելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Նրա խոսքերով, «Ադրբեջանը պետք է սպասի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մինչեւ Հայաստանում ընտրությունների ավարտը»:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշամանը, հատկապես վերջերս կայացած Իլհամ Ալիեւի Վաշինգթոն այցի լուսի ներքո, ապա քաղաքագետի կարծիքով, «հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորումը ամերիկացիները տեսնում են միմիայն տարածքային ամբողջականության շրջանակներում»: «ԱՄՆ-ն այժմ ավելի շատ են մտածում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ, որպեսզի հետո, առանց խոչընդոտների, անցնեն Կոսովոյի կարգավիճակի որոշման հարցին»,- նշել է Մ. Ահմեդողլուն, հաղորդում է Բաքվի «Զերկալո» թերթը: