AM
13 Մայիս 2006 - 13:56 AMT

Ա-320-ի «սեւ արկղերի» վեր հանման գործողությունը կսկսվի մայիսի 16-ին

Հայկական Ա-320 օդանավի ինքնագրիչների վեր հանման գործողությունը կմեկնարկի երեքշաբթի, մայիսի 16-ին: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կառավարական հանձնաժողովի ղեկավար, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով, ներկայումս Նովոռոսիյսկի նավահանգստում բեռնվում են այն սարքավորումները, որոնց օգնությամբ վեր կհանվեն «սեւ արկղերը»: Մինչեւ երկուշաբթի այդ սարքավորումը պատրաստ կլինի կատարելու վեր հանման գործողությունը: «Գործողությունը նախատեսվում է սկսել երեքշաբթի»,-հայտարարել է Լեւիտինը: Ըստ փորձագետների, ֆիզիկապես այդ գործողությունը կարող է տեւել 2-3 օր, այնուհետեւ ամեն ինչ կախված կլինի եղանակային պայմաններից: Լեւիտինը պարզաբանել է, որ «սեւ արկղերի» պարունակած տեղեկատվության վերծանման համար կպահանջվի 1-2 ամիս: «Մենք հուսով ենք, որ վեր հանման գործողությունը հաջող կանցնի»,-նշել է Լեւիտինը: Ներկայումս ինքնագրիչները գտնվում են 496 մ խորության վրա: «Տեսանելիությունը բավարար է աշխատանքներն անցկացնելու համար»,-հավելել է նախարարը, հաղորդում է Newsru.com-ը:

Հիշեցնենք, որ մայիսի լույս 3-ի գիշերը «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթով ընթացող ինքնաթիռը կործանվել է Սեւ ծովում, Ադլերի օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է 113 մարդ, այդ թվում 6 երեխա (որոնցից մեկը կրծքի երեխա) եւ անձնակազմի 8 անդամներ: Զոհվածներից 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը` Ուկրաինայի, մեկը` Վրաստանի, մյուսները` Հայաստանի քաղաքացիներ: