AM
15 Մայիս 2006 - 09:26 AMT

Պետդումայի պատգամավորը կոչ է անում ստեղծել Ռուսաստանում ՀՅԴ-ի նման մի կառույց

«Ռոդինա» կուսակցության նախկին առաջնորդ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Ռոգոզինը կոչ է անում ստեղծել Ռուսաստանում ՀՅԴ-ի նման մի կառույց: Այդ մասին նա հայտարարել է «Ռուսկայա լինիա» ինտերնետ-կայքին տված հարցազրույցում: Ըստ Ռոգոզինի Ապագա ռուսական հայրենասիրական շարժման հաջողության գրավականը «այլ հետապնդվող ժողովրդների» փորձի կիրառումն է: «Վերցնենք որպես օրինակ Դաշնակցություն կուսակցությունը, որի անվանումը թարգմանվում է որպես«Հայ հեղափոխական դաշնակցություն»: Նա եղել է գլխավոր հակաթուրքական ուժը դեռեւս Հայոց ցեղասպանության շրջանում: Հայերը նույնպես ցրված ժողովուրդ դարձան, սակայն իրենք ունեին Դաշնակցություն կուսակցությունը, որի բաժանմունքները գործում էին տարբեր երկրներում, կար Միջազգային Բյուրոն, որտեղ լուծվում էին հիմնական հարցերը, կար սեփական ստեղծագործ, գեղարվեստական, կրթական էլիտան: Կենտրոնից էին ղեկավարում ամենատարբեր նախաձեռնությունները` քաղաքական եւ կանանց կազմակերպությունները, երիտասարդական միությունները, լրագրողական միավորումները: Մենք պետք է նմանատիպ կառույց ստեղծենք»,-ընդգծել է ՌԴ Պետդումայի պատգամավորը, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: