Ֆրանսիայում եւ Կանադայում Թուրքիայի դեսպաններ Օսման Կորութուրքը եւ Այդեմիր Էրմանը, որոնք կարճ ժամանակով Անկարա էին կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը: «Կորութուրքի վերադարձը ակնարկ է Փարիզին Անկարայի կողմից այն մասին, որ նա ցանկանում է մեղմել առաջացած դիվանագիտական լարվածությունը Ֆրանսիայի հետ»,-գրում է «Թըրքիշ Դեյլի Նյուս» թերթը: Միեւնույն ժամանակ հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը գտնում է, որ «ամեն օր հայերն ավելի են առաջ շարժվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրենց պնդումներում»: «Օղակը Թուրքիայի շուրջ աստիճանաբար սեղմվում է, իսկ մենք գտնվում ենք լոկ դիտորդի կարգավիճակում: Մենք ուշացել ենք գնացքից: Այս պահից սկսած մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որոնք առավել կարեւոր են, առավել ազդեցիկ են եւ մեծ քաղաքական համարձակություն են պահանջում»,-ընդգծել է նա:





