AM
15 Մայիս 2006 - 11:05 AMT

Անն Դերս. Վերադարձը ղարաբաղյան խնդրի ուժային լուծմանն ողբերգություն կլինի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Անն Դերսը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ընթացքում «վերադարձը խնդրի ուժային լուծմանն ողբերգություն կլինի»: Ըստ դիվանագետի, Բաքվում իր առաքելության կատարման ընթացքում, նա կաջակցի ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի համագործակցության զարգացմանն անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ պետականության ամրապնդմանը հանրապետությունում: Անն Դերսը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը չափազանց կարեւոր է այդ նպատակներին հասնելու համատեքստում եւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը միասին կաշխատեն այդ խնդրի լուծման ուղղությամբ: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է կոչ անի Երեւանին եւ Բաքվին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ քաղաքական խիզախություն դրսեւորել: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել աշխատել երկու երկրների հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: