Հարկավոր է մորատորիում հայտարարել պետական ԶԼՄ-ներում հակահայկական քարոզչության հարցում, թեկուզ խաղաղ բանակցությունների ընթացքում: Այդ մասին գրում է «Զերկալո» թերթում Ադրբեջանի Պատերազմի եւ խաղաղության հետազոտման ինստիտուտի ներկայացուցչության ղեկավար Շահին Ռզաեւը: Նրա խոսքերով, Հայաստանը եւս պետք է նմանատիպ պարտավորություններ ստանձնի եւ պետք է լինի այդ որոշման կատարման միջազգային հսկողություն երկու կողմերի հանդեպ: «Ես չեմ խոսում մասնավոր ԶԼՄ-ների մասին, այստեղ խոսքի ազատություն է, սակայն հույսս դնում են նրանց գիտակցության վրա: Ինչի՞ համար է դա հարկավոր: Պատասխանը պարզ է` որպեսզի ղարաբաղցի հայերը դադարեն վախենալ Ադրբեջանի կազմում ապրելուց: Գուցե, այսօր նրանց մի մասը ցանկանար ապրել Ադրբեջանի կազմում ինքնավարության պայմաններում, սակայն այդպիսի կոպիտ քարոզչությունը, ընդ որում պետական մակարդակով, ղարաբաղցի հայերի մոտ միանգամայն բացատրելի մտավախություն է առաջացնում իրենց կյանքի համար եւ դրդում նրանց Հայաստանի կողմը»,-նշել է Ռզաեւը:





