Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարանի) մայիսի 13-ի կրկնական ընտրությունները բացահայտել են բարեփոխումների անհրաժեշտությունը ընտրական ոլորտում: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոի (ԺԻՄԻԲ) հայտարարության մեջ: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանի խորհրդարանի կրկնական ընտրությունների ժամանակ բացահայտվել են ասպեկտներ, որոնք արձանագրում են տեղաշարժ, սակայն պահպանվել են նաեւ մտահոգող տարրերը: «ԵԱՀԿ ԺԻՄԻԲ դիտորդական առաքելությունը առաջընթաց է գրանցել այնպիսի ոլորտներում, ինչպես պատգամավորների բոլոր թեկնածուների գրանցում, լայնածավալ ընտրական քարոզարշավների անարգել անցկացում, տեղի դիտորդների համար պայմանների բարելավում»,-նշվում է հայտարարության մեջ: Նոր քայլ ձեռնարկելով թափանցիկության ապահովման գործում, Ադրբեջանի ԿԸՀ-ն ընտրությունների հաջորդ օրը տեղեկատվություն է տեղադրել իր վեբ-կայքում ընտրական տեղամասերի արձանագրությունների վերաբերյալ:
Սակայն, այնպիսի հարցերում, ինչպես ընտրական հանձնաժողովների կազմը, տեղի պաշտոնատարների միջամտությունը ընտրական գործընթացին, բողոքների քննումը ընտրական հանձնաժողովների եւ դատարանների կողմից, քվեների հաշվառումը եւ արձանագրության կազմումը պահպանվել են բացթողումներ, հաղորդում է «Թրենդը»:





