Սոչիի նավահանգստից Ա-320 ինքնաթիռի աղետի վայր է ժամանել «Նավիգատոր» նավը, որի վրա գտնվում է հեռակառավարվող ռոբոտը: Դրա օգնությամբ փրկարարները հույս ունեն Սեւ ծովի հատակից հանել ինքնաթիռի ինքնագրերը: Դրանք գտնվում են մոտ 500 մետր խորության վրա եւ կօգնեն հայտնաբերել աղետի պատճառները: Այսպես կոչված «սեւ արկղերի» որոնման աշխպատանքները կարող են մի քանի օր տեւել. ամեն ինչ կախված է եղանակից: Այսօր տեսանելիությունը բավական է եւ օպերատիվ շտաբում խոստանում են. խորջրյա սարքը կաշխատի շուրջօրյա:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը հայկական «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սեւ ծովում, Ադլերի օդանավակայնից 6 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվել է 113 մարդ, նրանց մեջ 6 երեխա (այդ թվում մեկ նորածին) եւ անձնակազմի 8 անդամներ: Նրանցից 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը Ուկրաինայի քաղաքացի էր, մեկը` Վրաստանի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ էին:





