AM
16 Մայիս 2006 - 12:31 AMT

Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար. Ա-320-ի աղետում մեղավոր է եղանակը

Հայկական աերոբուսի վթարը Սոչիի մերձակայքում տեղի է ունեցել, քանի որ օդաչուները հաշվի չեն առել բարդ եղանակային պայմանները: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի ռազմա-օդային ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովը: «Հաշվի չեն առել եղանակային պայմանները: Ամեն ինչում մեղավոր է եղանակը: Դուրս կհանենք այդ ինքնագրերը, կվերծանենք, եւ ամեն բան կհաստատվի»,- ասել է Վ. Միխայլովը: «Այն, որ հրամանատարը որոշել էր վերադառնալ, պետք էր վերադառնալ: Երբեք պետք չէ փոխել որոշումը: Դա հանգեցնում է այսպիսի ծանր հետեւանքների»,- նշել է գլխավոր հրամանատարը:

Վ. Միխայլովը ավելացրել է, որ ռուս ռազմական մասնագետները, այդ թվում եւ ՌԴ պաշտպանության նախարարության 13-րդ պետական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները, կարող են աջակցել հայկական աերոբուսի «սեւ արկղերի» վերծանման հարցում, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը հայկական «Արմավիա» ընկերության Երեւան-Սոչի չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Սեւ ծովում, Ադլերի օդանավակայնից 6 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվել է 113 մարդ, նրանց մեջ 6 երեխա (այդ թվում մեկ նորածին) եւ անձնակազմի 8 անդամներ: Նրանցից 26-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը Ուկրաինայի քաղաքացի էր, մեկը` Վրաստանի, մյուսները Հայաստանի քաղաքացիներ էին: