AM
16 Մայիս 2006 - 15:38 AMT

Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը հուսով է, որ Ցեղասպանության համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը չի անցնի

Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Պոլ Պուդեն պնդում է, որ ֆրանսիական կառավարությունը հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելու օգտին: Պոլ Պուդեն հույս է հայտնել, որ օրինագիծը Ազգային ժողովում չի հաստատվի եւ չի անդրադառնա Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա, գրում է New Anatolian-ը: Իր հերթին, թուրք խորհրդարանականների միության նախագահ Հասան Քորհմաշանը հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը «պատմական փորձություն կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների համար»: Նրա խոսքերով, «ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլերը նպաստում եւ խրախուսում են ահաբեկչությունը»: «Որոշ քաղաքական գործիչներ Ֆրանսիայում, որոնք ներկայացնում են հայկական լոբբիի շահերը, սահմանափակ քաղաքական ազդեցություն ունեն»,-նշել է թուրք պատգամավորը: Հասան Քորհմաշանը նկատել է նաեւ, որ օրինագիծը, որի քննարկումը նախատեսվում է հինգշաբթի, «ուղղված է գիտական հետազոտությունների եւ խոսքի ազատության դեմ»: