AM
17 Մայիս 2006 - 09:46 AMT

Կ.Զատուլին. Միայն Հայաստանն է շահագրգռված, որ ստատուս-կվոն տարածաշրջանում պահպանվի

Հարավային Կովկասի երեք երկրներից միայն Հայաստանն է շահագրգռված, որ ստատուս-կվոն տարածաշրջանում պահպանվի: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՌՖ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը շահագրգռված են, որ ստատուս-կվոն եւ խաղաղությունը տարածաշրջանում պահպանվի, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի եւ Վրաստանի մասին»,-նշել է պատգամավորն իր ելույթում այսօր Երեւանում ընթացող «Կովկասն առանց հակամարտությունների եւ ահաբեկչության` քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում» խորագրով միջազգային գիտական խորհրդաժողովում: Ըստ Կ.Զատուլինի տեսակետի, Ադրբեջանն ու Վրաստանը «իրենց տուժած են համարում» եւ այդ համատեքստում չարժե այդ երկրներից կառուցողական մոտեցում ակնկալել իրավիճակին: Բացի այդ, Պետդումայի պատգամավորն իր զարմանքն է հայտնել այն բանի վերաբերյալ, որ Ադրբեջանն ու Վրաստանը տարածքները վերադարձնելու իրենց պահանջներում միաձայն հենվում են տարծքային ամբողջականության սկզբունքի վրա նախկին ԽՍՀՄ շրջանակներում: «Այդ երկրները անդադար քննադատում են խորհրդային համակարգը եւ, առնվազն տարօրինակ է, որ նրանք նույն կարծիքին չեն այդ հարցում»,-հայտարարել է Կ.Զատուլինը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: