Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծը, որը քվերակության էր դրվել Ֆրանսիայի Ազգային ժողովում, արգելափակվեց խորհրդարանի նախագահ Ժան Լուի Դեբրեի կողմից, Ֆրանսիայի կառավարության ճնշման տակ անորոշ ժամկետով հետաձգելով փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Եվրոպայի Հայերի միությունում, չնայած այն բանին, որ Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկումը խորհրդարանի նիստի օրակարգի երկրորդ կետն էր, Դեբրեն արգելափակեց քննարկումը, արհեստականորեն ձգձգելով առաջին կետի քննարկումը: Դրան փորձում էին ընդդիմանալ սոցիալիստները, կոմունիստները եւ կենտրոնամետ ուժերը, սակայն նրանց բողոքները հանգեցրին նրան, որ Ժան Լուի Դեբրեն համաձայնվեց քննարկել օրինագիծը մնացած 30 րոպեների ընթացքում: Սակայն, նա կրկին ձգձգեց քվեարկությունը, եւ երբ ժամանակը մոտեցավ ավարտին, հետաձգեց քվեարկությունը անորոշ ժամկետով: Քննարկումների ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին հանդես եկավ օրինագծի ընդունման դեմ, քանի որ Ֆրանսիան տնտեսական շահեր ունի Թուրքիայում: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները կողմ էին օրինագծի ընդունմանը: Ըստ Ֆրանսիայի խորհրադարանում առկա աղբյուրի, խորհրդարանականների մեծամասնությունը պատրաստ էր քվեարկել փաստաթղթի ընդունման օգտին: «Մենք վրդովված ենք Ֆրանսիայի կառավարության նման ամոթալի գործողություններով, որոնք խոչընդոտում են խորհրդարանի պատգամավորների կարծիքի արտահայտմանը այս կարեւոր հարցի շուրջ»,-հայտարարել է Եվրոպայի հայերի միության ղեկավար Հիլդա Չոբոյանը: «Եվ կառավարությունը, եւ մամուլի ներկայացուցիչները պետք է հիշեն Եվրոպական սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի դասերը, մասնավորապես, այն, որ Ֆրանսիայի նման ժողովրդավարական երկրում ժողովրդի կարծիքը չի կարող անտեսվել կառավարության կողմից: Վաղ թե ուշ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքը կընդունվի, քանի որ ֆրանսիացի ժողովուրդը եւ օրենսդիրները հասկանում են, որ խաղաղության եւ առաջընթացի համար լավ հիմք է հանդիսանում արդարությունն ու արժանապատվությունը»,-ընդգծել է Հ.Չոբոյանը:





