2006 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու դրույթը ոչ մի բանի վրա հիմնված չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների խնդիրներով զբաղվող բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, միջնորդների, հատկապես, Սթիվեն Մաննի, այդ հայտարարությունը ես կանվանեի ռադիկալ լավատեսություն: Այդ լավատեսությունը միայն նպաստում է ռազմական ճարտասանության աճին: Ոչ հայկական, ոչ ադրբեջանական հասարակությունը պատրաստ չէ որեւէ փոխզիջման: Պետք է ընդգծեմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խորը ճգնաժամի մեջ է»,-նշել է ռուս քաղաքագետը: Մարկեդոնովը գտնում է, որ գագաթնաժողովի ձեւաչափը, այսինքն պետությունների ղեկավարների հանդիպումները, արդյունավետ չեն: Այսօրվա դրությամբ նախագահները ոչինչ չեն արել իրենց հասարակությանը փոխզիջման նախապատրաստելու համար: Այդ երկրների հասարակայնության տրամադրվածությունը առավել ռադիկալ է, քան իրենց նախագահներինը: Ուստի նախագահները ստիպված են մշակել հայրենասիրական պահվածքի մոդել: Այդ գագաթնաժողովները վերածվում են որոշակի PR-ի, փոխզիջումների վերաբերյալ իրական բանակցությունների փոխարեն»,-նշել է նա: Քաղաքագետը նշել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն առաջարկում է բաներ, որոնք շատ հեռու են իրականությունից եւ տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակից: «Ռուսաստանը կարող էր փոխել գագաթնաժողովի ձեւաչափը` կհանդիպեին միայն դիվանագետները, իսկ նախագահները ուղղակի կստորագրեին վերջնական համաձայնագիրը: Աշխարհում չի եղել նման բան, որ նախագահներին վերածեն գործող դիվանագետների»,-ընդգծել է Մարկեդոնովը:





