AM
22 Մայիս 2006 - 09:51 AMT

Վլադիմիր Կազիմիրով. Բախումնային իրավիճակներում շատ ավելի կարեւոր է ուժ չկիրառելը

«Հեյդար Ալիեւն առավել իրատես էր: Երբ նա դնում էր Ղարաբաղի մասին հարցը, ապա ցանկանում էր հասնելնրան, որ հայերը թոնեն նրա մերձակա 7 շրջանները»,-PanARMENIAN.Net գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ 1992-1996 թթ. ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, Իլհամ Ալիեւի համար համաձայնագիրը հայերի հետ ավելի վտանգավոր է: «Խուսափելու համար պայմանավորվածություն ձեռք բերելուց, նա համառորեն ԱՀ տարածքային ամբողջականության սկզբունքի մեջ է ներառում նաեւ բուն Լեռնային Ղարաբաղը»,-գտնում է ռուս դիվանագետը:
Վ.Կազիմիրովը հիշեցրեց, որ Հելսինկյան ամփոփիչ ակտի բոլոր 10-ը սկզբունքներն իրավահավասար են` «դա վերաբերվում է եւ ազգերի ինքնորոշման իրավունքին եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին: Իսկ բախումնային իրավիճակներում շատ ավելի կարեւոր է վեճերի խաղաղ լուծումը, ուժ չկիրառելը եւ չսպառնալը»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ, նա ավելացրել է, որ չի կարելի տառացիորեն ընդունել այդ սկզբունքները, հաշվի չառնելով ժամանակը, կոնկրետ պայմանները` պետք է դիտել դա զարգացման մեջ: «Հելսինկյան ակտի սկզբունքներն ընդունվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ընդունվեցին միջուկային զենքի առկայության պայմաններում տարբեր համակարգերի պետությունների միջեւ հարաբերությունների նորմերը, երբ ցանկացած տարածքային փոփոխություն կարող էր բերել լայնամասշտաբ պատերազմի: 90-ական թվականները տեկտոնական փոփոխություններ առաջացրեցին համաշխարհային քաղաքականության մեջ եւ պետությունների փլուզման ֆորս-մաժորային հանգամանքներ, այդ թվում նաեւ համաշխարհային տերության` ԽՍՀՄ-ի: Կարելի՞ է արդյոք այս պայմաններում հավատալ բոլոր հելսինկյան ձեւակերպումների հրաշագործ ուժին: Դա նույնն է ինչ երկրաշարժի ժամանակ, երբ փլվում են կրող պատերը, հավակնել ինչ-որ ներքին պատնեշի անձեռնմխելիության: Անհրաժեշտ է հաշվի առնել ժամանակաշրջանը եւ իրավիճակը»,-նշել է Վ.Կազիմիրովը:

Ռուս դիվանագետն ընդգծել է, որ Հեյդար Ալիեւի հետնորդները բորբոքում են ռազմատենչ արշավը Ադրբեջանում, ինչն այլասերում է ադրբեջանական հասարակության բարոյական հիմքերը, ճնշում է երիտասարդ սերնդի հոգեբանության վրա: «Լարվածությունը պահպանելու համար ավելանում են միջադեպերը շփման գծում: Նախագահ Իլհամ Ալիեւը անձամբ է նախաձեռնում սպառազինությունների մրցավազքը: Ափսոս, որ ԵԱՀԿ-ն պասիվ դիտորդի դերում է: Եթե այդ կազմակերպությունը հանձն է առել խաղաղ ճանապարհով կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը, ուրեմն պետք է հակազդի այն ամենին, ինչ խանգարում է իր խաղաղարար առաքելության կատարմանը»,-ասել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ