Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այն է , որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակը Ադրբեջանն ու Հայաստանը պետք է համաձայնեցնեն միմյանց հետ: Ղարաբաղյան հակամարտությունը ուժով լուծելու փորձը կարող է դառնալ միջազգային մեկուսացման պատճառ եւ համապատասխան հետեւանքներ ունենալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ չորրորդ դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը: Նրա կարծիքով, ղարաբաղյան եւ աբխազական հակամարտությունները տարբերվում են: «Աբխազիան դե-ֆակտո ձեւավորվել է որպես անկախ միավորում եւ չի կարող վերամիավորվել Վրաստանի հետ, իսկ Ղարաբաղը` այլ հարց է»,-ասել է Անդրեյ Կելինը: Միեւնույն ժամանակ նա խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչպես է պատկերացնում Ղարաբաղի կարգավիճակը:
Բաքվի «Զերկալո» թերթի մեկնաբանն այս առիթով գրում է, որ Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենա Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշման առումով: «Պետք է հաշվի առնել, որ միջազգային հանրությունը պատրաստ է աջակցել կարգավորման ցանկացած տարբերակին, այդ թվում հաշվի չառնելով տարածքային ամբողջականության սկզբունքը: Թեեւ հետխորհրդայիյն տարածքի այլ հակամարտությունների (Աբխազիա, Հարավային Օսեթիա, Մերձդնեստր) վերաբերյալ մոտեցումներում միջազգային հանրությունը հստակորեն կողմ է տարածքային ամբողջականության սկզբունքին»,-գտնում է հրապարակումը:





