AM
25 Մայիս 2006 - 15:49 AMT

Սերբիան կտրականապես դեմ է Կոսովոյի լիակատար անկախությանը

Սերբիան չի համաձայնվի ոչ մի միջազգային որոշման հետ, որը կարող է բերել Կոսովոյի շրջանի լիակատար անկախությանը Բելգրադից: Այդ մասին Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Սերբիայի արտգործնախարար Վուկ Դրաշկովիչը: Նրա խոսքերով, անկախ Կոսովոյի ստեղծումը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Բելգրադի կամքին: Սերբիայի ԱԳՆ ղեկավարը դժգոհություն է հայտնել վիեննական բանակցությունների կապակցությամբ Կոսովոյի շրջանի կարգավիճակի վերաբերյալ, որը 1999 թվականից գտնվում է ՄԱԿ-ի ժամանակավոր վարչական կառավարման ներքո:

Միեւնույն ժամանակ, Չերնոգորիայի ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հանդես են գալիս այդ հանարապետության եւ Սերբիայի միության օգտին, պատրաստվում են բողոքարկել հանրաքվեն, որի արդյունքում Չերնոգորիայի քաղաքացիների մեծ մասը հանդես է եկել նրա անկախության օգտին: Պոդգորիցում հայտարարվել է, որ ընդդիմությունը պահանջելու է կրկնել հանրաքվեն տասնյակ տեղամասերում քվեարկողների ցուցակների կազման ժամանակ թույլ տված հնարավոր սխալների պատճառով: Սակայն միջազգային դիտորդները ոչ մի դիտողություն չեն հայտնել հանրաքվեի անցկացման կապակցությամբ: Պաշտոնական տվյալների համաձայն, ընտրազանգվածի 55,5 տոկոսը կողմ են քվեարկել Չերնոգորիայի անկախացմանը Սերբիայից, հայտնում է Deutshe Welle-ն: