AM
31 Մայիս 2006 - 10:35 AMT

Հայաստանը եւ Թուրքիան գաղտնի բանակցություններ են վարում, պնդում են թուրքական աղբյուրները

Այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նամակ հղեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, երկու երկրների դիվանագետների միջեւ «տեղի են ունեցել երեք գաղտնի հանդիպում», պնդում է թուրքական The New Anatolian գործակալությունը: «Բանակցությունների վերջին փուլը, որոնք անցնում են փակ ռեժիմով, տեղի է ունեցել մարտին Վիեննայում` Եվրաեռյակի հովանավորությամբ: Բանակցությունների ընթացքում, որոնց ուշադիր հետեւում էր Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը, պաշտոնական Երեւանը մերժել է թուրք դիվանագետների այն առաջարկը, ըստ որի հայկական կողմին առաջարկվել է քննարկել քաղաքական հարցերը, որոնք առկա են երկու երկրների միջեւ եւ Հայոց ցեղասպանության հարցը` այն պայմանով, որ այդ հարցը կքննարկեն պատմաբաններն, այլ ոչ թե քաղաքական գործիչները: Հայ դիվանագետները պահանջել են երկու երկրների մասնակցությամբ համատեղ հանձնաժողովում քննարկել նաեւ Հայոց ցեղասպանության հարցը, սակայն Անկարան չի համաձայնվել: Այժմ կողմերը պատրաստվում են բանակցությունների հերթական փուլին»,-հաղորդում է The New Anatolian գործակալությունը: