Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունն օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է:
Ըստ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի, թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, մոտ 150 ավտոմեքենա արդեն հատել է սահմանը: Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի 31-ից:
Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ին տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը և դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը:
Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթևեկությունը կդադարեցվի: Երկարատև և հորդառատ անձրևների հետևանքով գետի բերվածքները ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար երկկողմանի փակել էին օգոստոսի 20-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում։ Ճանապարհի մաքրման աշխատանքները սկսվել էին արդեն գիշերվանից:
Ստեփանծմինդայի մոտակայքում հիմնականում կլիմայական պայմաններն ամռանը չափավոր տաք են (օգոստոսի միջին ջերմաստիճանը 14 °C), հարաբերական խոնավությունը 72% է, տեղումները տարեկան մոտ 800 մմ են:





