«Միջազգային կառույցները անթաքույց համոզվածությամբ հայտարարում էին, թե 2006 թվականը կդառնա ղարաբաղյան խնդրի լուծման տարի: Նրանց փորձերն ուղղված են նրան, որ Ադրբեջանը գնա զիջումների, տա հայերին Լեռնային Ղարաբաղը, Լաչինը, Քելբաջարը: Եվ այդպիսով 2006 թվականին Ադրբեջանը, պարտվողական խաղաղություն կնքելով, կլուծի հարցը»,-հայտարարել է Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում քաղաքագետ, Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի արտաքին հարաբերությունների հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, բոլոր այդ փորձերը բացարձակապես անարդյուք են: «Ադրբեջանի դիրքորոշումը ճիշտ է եւ հստակ արտահայտված: Այն կայանում է նրանում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չի կարող լինել, եւ մեր երկիրը կողմնորոշվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումների կատարմանը` «Ադրբեջանի տարածքից օկուպացիոն զորքերի դուրս բերման մասին»,-նշել է նա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ադրբեջանցի քաղաքագետը գտնում է, որ «նրա ետեւից երեւում են «Ռուսաստանի ականջները», եւ այդ երկիրը խոսում է իր «ավագ եղբոր» շուրթերթվ: «Հայաստանի դիրքորոշման էությունն այն է, որ նա մտադիր չէ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի անկախությունից, ինչին սատարում է Ռուսաստանը: Ռուսաստանը արգելել է Հայաստանին որեւէ խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ: Ես բազմիցս ասել եմ, եւ կրկին կրկնում եմ. հարկավոր է սպասել ռուսական կայսրության փլուզմանը: Ես կանխատեսում եմ, որ դա տեղի կունենա 10 տարուց: Մինչ այժմ իմ բոլոր կանխատեսումները կատարվել են»,-հայտարարել է Գուլուզադեն: Նա նաեւ գտնում է, որ Եվրոպային եւ ԱՄՆ-ին որոշ ժամանակ հարկավոր է գործընկերային հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ մի շարք հարցերի վերաբերյալ: «Սակարկություն է գնում: Ռուսաստանը ժամանակին հանձնեց Հարավսլավիան եւ Իրաքը` Արեւմուտքի կողմից նյութական ողորմության փոխարեն: Այսօր պաշտոնական Մոսկվան Իրանը հանձնելու շեմին է, բնականաբար, նույնպես, ոչ առանց վարձատրության: Այսինքն գործընթացը առկա է: Եվ Ադրբեջանն այդ իրավիճակում չպետք է նախկին սխալները կրկնի»,-ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը:





