«Շնորհավորական ուղերձի մասին հաղորդագրություններն, որոնք իբր Հայաստանի Ազգային Ժողովի նորընտիր նախագահ Տիգրան Թորոսյանին է հղել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը, անհիմն են եւ սուտ»,-հայտարարել Ադրբեջանի միլի մեջլիսի մամլո քարտուղար Ակիֆ Նասիրովը: «Դա բոլորովին ոչ հավաստի տեղեկատվություն է: Նման շնորհավորանք չի եղել, եւ նման հաղորդագրությունները Հայաստանի հերթական հակաադրբեջանական քարոզչությունն է»,-ասել է նա:
Մինչդեռ, ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել Հայաստանի ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, Ասադովի ուղերձն հունիսի 8-ին Երեւանում` Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ընթերցել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ասիֆ Հաջիեւը:
«Օքտայ Ասադովն իրոք ուղերձ է հղել ՍԾՏՀ ԽՎ-ին եւ շնորհավորանքներ իմ հասցեին: Այն ընթերցվել է նիստի ժամանակ: Ի դեպ, «Էխո» թերթն արդեն գրել է, որ իհարկե Օքտայ Ասադովը պետք է բոլոր պատվիրակներին Բաքու հրավիրեր, սակայն խոսնակի պաշտոնը ստանձնելու առիթով Տիգրան Թորոսյանին շնորհավորելը, մեղմ ասած, պարտադիր չէր»,-հիշեցրել է ՀՀ ԱԺ խոսնակը:





