Եվրոպայի Խորհուրդը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը բարեփոխումների իրականացման հարցում: Այդ մասին Երեւանում հայտարարել է Եվրոպայի Խորհրդին կից Գերմանիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ռոլանդ Վեգեները: Նրա խոսքերով, երկրի օրենսդրությունը բարեփոխված Սահմանադրության հետ ներդաշնակեցնելու համար կպահանջվի երկու տարի: «Դա շատ բարդ, սակայն պարտադիր աշխատանք է: Մենք քննարկել ենք այդ հարցը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արդարադատության նախարարի հետ եւ Հայաստանի խորհրդարանում: Փոփոխությունները պետք է առաջին հերթին կատարվեն դատական օրենսդրության ոլորտում, ոստիկանության մասին օրենքում, քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերում, Երեւանի մասին օրենքում: Սակայն ամենակարեւոր խնդիրն Ընտրական օրենսգրքի փոփոխությունն է, առանց որի հնարավոր չի լինի ժողովրդավարական ընտրություններ անցկացնել 2007 թվականին»,-նշել է Վեգեները:





