Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ստորագրվել է «Եկամուտների եւ գույքի երկակի հարկադրումից խուսափելու մասին կոնվենցիան: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Միշըլին Կալմի Ռեյը: Համատեղ մամլո ասուլիսի ժամանակ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են փաստաթղթի ստորագրումը Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Ինչ վերաբերում է հարաբերություններին Եվրամիության հետ, ապա Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Շվեյցարիան, ինչպես եւ Հայաստանը, այդ կազմակերպության անդամ չէ: «Հայաստանն ի տարբերություն մեզ մասնակցում է Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրին: Այնուամենայնիվ, մենք բավականին հաջող ենք համագործակցում այն ոլորտներում, որտեղ կա փոխադարձ շահ: Ես նաեւ պետք է ընդգծեմ, որ քաղաքական մակարդակով մեր միջեւ շատ լավ հարաբերություններ են ձեւավորվել»,-հայտարարել է Միշըլին Կալմի Ռեյը:





