AM
12 Հունիս 2006 - 10:18 AMT

Կան բոլոր նախադրյալները Հայաստան-Շվեյցարիա տնտեսական համագործակցության զարգացման համար

Հայ-շվեյցարական հարաբերությունները դինամիկ են զարգանում բոլոր ուղղություններով: Այդ մասին Երեւանում կայացած Շվեյցարիայի արտգործնախարար Միշըլին Կալմի Ռեյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ներկայումս քայլեր են ձեռնարկվում Հայաստանի եւ Շվեյցարիայի տնտեսական համագործակցության ոլորտում որոշ չլուծված խնդիրներ հաղթահարելու համար: «Ներկայումս Ցյուրիխում գործարար-համաժողով է անցնում, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ: Ես հուսով եմ, որ Շվեյցարիայի ներգրավվածությունը Հայաստանի տնտեսական կյանքում կավելանա»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Իր հերթին, Միշըլին Կալմի Ռեյը ընդգծել է, որ կան բոլոր նախադրյալները երկկողմ տնտեսական համագործակցության համար: «Բարեփոխվում է օրենսդրական դաշտը, կնքվում են երկկողմ համաձայնագրեր, այդ թվում նաեւ տնտեսական համագործակցության վերաբերյալ: Այս ամենը կոչված է խրախուսելու դինամիկ զարգացումը երկու երկրների միջեւ»,-ընդգծել է նա: