AM
12 Հունիս 2006 - 13:16 AMT

Տուլոնում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան

Օրերս Ֆրանսիայի Տուլոն քաղաքի կենտրոնական զբոսայգում հանդիսավորապես բացվեց 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված տուֆակերտ խաչքար-հուշարձանը: Հուշարձանը բացեցին Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Տուլոնի քաղաքապետ սենատոր Հյուբեր Ֆալկոն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Արարողությանը ներկա էին պրեֆեկտներ, պատգամավորներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Խաչքարի բացման հանդիսությանը ֆրանսիական ռազմածովային նվագախումբը հնչեցրեց Հայաստանի եւ Ֆրանսիայի հիմները, խոնարհվեցին երկու երկրների դրոշները, բազմաթիվ ծաղկեպսակներ զետեղվեցին հուշարձանին: Իր խոսքի մեջ դեսպան Է. Նալբանդյանը, նշեց, որ վերջին տարիներին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բացվել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ խաչքար-հուշարձաններ, որոնք ցայտուն եւ ակնառու կերպով արտահայտում են ողջ ֆրանսիացի ժողովրդի կողմից ցեղասպանության անվերապահ դատապարտումը եւ համերաշխությունը հայ ժողովրդի հետ:

«Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներումում հայ վարպետների կողմից կերտված շուրջ քառասուն հնագույն խաչքարեր` որպես հայ ժողովրդի մշակույթի ամենավառ դրսեւորում, կցուցադրվեն Լուվրում` Armenia Sacra խորագրով ցուցահանդեսի ընթացքում» – ընդգծեց Է. Նալբանդյանը: