AM
31 Հոկտեմբեր 2014 - 08:04 AMT

Թուրքիայի նախկինում հայաբնակ Բալուի ավերված եկեղեցին կվերակառուցվի

Թուրքիայի երբեմնի հայաբնակ Բալու շրջանում կվերակառուցվի դարեր առաջ կառուցված և այժմ ավերակների վերածված եկեղեցին: Բալուի քաղաքապետ Մեհմեթ Սաիթ Դաղօղլուն հայկական եկեղեցի այցի ընթացքում նշել է, որ այն 8 դարի ընթացքում ծառայել է հայ համայնքին:

«1970-ականներին այն դեռ կանգուն է եղել, ինչը երևում է լուսանկարներից: Գանձեր որոնողները շինությանն էական վնասներ են հասցրել, իսկ մենք՝ այստեղ բնակվողներս, այն չենք պահպանել: Հայ համայնքի հետ հանդիպելով՝ 2015-2016-ին մտադրվել ենք սկսել դրա վերակառուցումը»,- նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ վերակառուցվել է նաև քաղաքի մզկիթը:

Բալուն Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտում է, Դերսիմի հարավային ծայրագավառում, Արածանիի (Արևելյան Եփրատ) ստորին հոսանքի աջ ափին։ Բալուից հարավ անտառապատ տարածքներ են, մոտակայքում նաև Մեսրովբյան հայկական բերդի ավերակներն են։ Ստեփանոս Ասողիկի վկայությամբ Բալուն խիստ ավերվել է 995-ի երկրաշարժից, բայց հետագայում վերականգնվել ու մինչև XIII դարի վերջերը շարունակել բարգավաճել։ Շրջակայքում կան պղնձի (և գունավոր այլ մետաղների) ու քարածխի հանքեր։

Tert.am-ն «Անադոլու» գործակալությանը հղումով գրում է, թե, ըստ քաղաքապետի, այդ տարածքներում տարբեր հավատքի բնակիչներ են հարյուրամյակներ շարունակ միասին ապրել:

«Կողք կողքի են ապրել և ամեն մեկն իր երկրպագությունը հանգիստ արել է: Ուլու մզկիթն այս ամիս վերակառուցվեց: Այժմ հայ համայնքի հետ մեր հանդիպումները շարունակվում են»,- ասել է նա։

Մեհմեթ Սաիթ Դաղօղլուի խոսքով, Բալուն շրջակայքին քաղաքակրթությունների, արվեստի ու տարբեր մշակույթների առումով շատ բան է տվել, ու այժմ իրենք պայքարում են, որ արվեստագետները նորից կողք կողքի աշխատեն:

XIX դարասկզբին Բալուում հայկական տների թիվը հասնում էր 1000–ի՝ մոտ 7000 բնակիչով։ 1873-ին կար 6240 հայ և 2250 քուրդ։ XIX դարի 70–ականներից քաղաքի արհեստավոր ու առևտրական բնակչությունն սկսում է աստիճանաբար գաղթել ավելի մեծ քաղաքներ՝ Ադանա, Խարբերդ, Դիարբեքիր, Սեբաստիա, ինչպես նաև Մալաթիա ու Քղի: 1915-ին բնաջնջվեց նաև Բալուի հայ բնակչությունը, միայն մի մասին հաջողվեց փրկվել։ Հետագայում որոշ փախստականներ վերադարձան։ 1940-ականներին Բալուում և շրջակայքում 750 փախստական հայ կար։