ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր ներկայացուցիչ Մեթյու Բրայզան մոտ ժամանակներս ճանաչողական այցով կլինի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում, հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ Մամեդյարովի, հունիսի 22-ին համանախագահները հաշվետու կլինեն Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդի առջեւ` կարգավորման ընթացքի վերաբերյալ: «Համանախագահներն արդեն հանդես են եկել նախաձեռնությամբ ԱԳՆ ղեկավարների մակարդակով նոր հանդիպում անցկացնելու վերաբերյալ: Ես արդեն տվել եմ իմ համաձայնությունը եւ պատրաստակամություն եմ հայտնել հանդիպել այնքան, որքան կպահանջվի: Վիեննայում Բրայզային կհաստատեն համանախագահի պաշտոնում, որից հետո, ըստ ձեւավորված ավանդույթի, նա կժամանի Բաքու եւ Երեւան` իրեն ներկայացնելու համար»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը: «ԱՄՆ կառավարությունը բանակցություններում առաջընթացի հասնելու հույսը չի կորցրել: Այդ տեսակետից Մեթյու Բրայզան լավ գիտի այդ տարածաշրջանը, նա զբաղվել է այդ տարածաշրջանով, այդ թվում նաեւ Ադրբեջանով, աշխատելով եւ Սպիտակ տանը, եւ Պետդեպարտամենտում: Այսինքն նա անմիջականորեն ծանոթ է ղարաբաղյան հակամարտությանը, եւ նրան ժամանակ չի պահանջվի ծանոթանալու համար այդ խնդրին»,-ընդգծել է Է.Մամեդյարովը, հաղորդում է Day.az-ը:





