AM
19 Հունիս 2006 - 10:49 AMT

Ավարտվել են Ա-320-ի պարամետրային ինքնագրիչի վերծանման աշխատանքները

ՄԱԿ-ի Ա-320-ի վթարի հետաքննման տեխնիկական հանձնաժողովի նախագահը հաղորդել է, որ 2006 թվականի հունիսի 17-ին Միջազգային ավիացոին կոմիտեում ավարտվել են պարամետրային ինքնագրիչի գրանցումների վերծանունը եւ նրանց սինքրոնիզացումը բորտային եւ ցամաքային (դիսպետչերական բարձրախոս, ռադիոլոկատոր) ծառայությունների օբյեկտիվ վերահսկման միջոցների գրանցումների հետ: Ավելի վաղ հաղորդվել էր բորտային խոսակցային ինքնագրիչի վերծանման ավարտի մասին, հաղորդում է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը: Բորտային պարամետրային ինքնագրիչը տեղեկատվություն է գրանցել տվյալ ինքնաթիռի ութ թռիչքների վերաբերյալ (ներառյալ վթարայինը) 2006 թվականի ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Գրառման ընդհանուր տեւողությունը կազմում է 26 ժամ 20 րոպե, ներառյալ վերջին թռիչքի ողջ գրանցումը (1 ժամ 26 րոպե): Վերջին թռիչքի վերծանման արդյունքում պարզվել է, որ օդում ինքնաթիռը չի քանդվել, շարժիչներն աշխատել են մինչեւ ջրային մակերեսի հետ բախվելու պահը, վառելիքի քանակը բավարար է եղել թռիչքն անվտանգ ավարտելու համար, վերջին րոպեի ընթացքում թռիչքն ընթացել է դիրեկտոր ռեժիմով` անջատված ավտոպիլոտով:

Հանձնաժողովը ձեռնամուխ է եղել օբյեկտիվ վերահսկման գրառումների համալիր վերլուծությանը, որի ընթացքում նախատեսվում է անցկացնել թռիչքի կիսանատուրային մոդելավորում Ա-320 ինքնաթիռի տրենաժորի վրա: Վերլուծության եւ անցկացվող հետազոտությունների արդյունքների հիման վրա կկազմվի եզրակացություն ավիացիոն պատահարի պատճառների մասին եւ հանձնարարականներ կտրվեն թռիչքների անվտանգության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2006 թվականի մայիսի 3-ին Ադլերի օդակայանի մերձակայքում վթարի ենթարկվեց հայկական «Արմավիա» ընկերության Ա-320 աէրոբուսը: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 մարդ` որոնցից 26-ը` Ռուսաստանի քաղաքացիներ էին, մեկը` Վրաստանի, մեկը` Ուկրաինայի, մյուսները` Հայաստանի) եւ անձնակազմի ութ անդամները (երկու օդաչուները, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):