AM
21 Հունիս 2006 - 13:40 AMT

Ղարաբաղյան հարցում առաջընթացի բացակայության մեղավորը Ադրբեջանն է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ճանաչումը միջազգային հանրության կողմից կարող է վստահելի երաշխիք դառնալ Ադրբեջանի ագրեսիվ տրամադրությունների դեմ եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը Ստեփանակերտում «ԼՂՀ. անցյալը, ներկան, ապագան» միջազգային գիտական կոնֆերանսի բացման ժամանակ: ԼՂՀ վարչապետի խոսքերով, լայնածավալ պատերազմը, որ Ադրբեջանը ձեռնարկեց Արցախի ժողովրդի դեմ, հայ ժողովրդից կամքի ուժ, կայունություն եւ մեծ զոհեր պահանջեց: Ամբողջ աշխարհի հայության աջակցությամբ` արցախցիներին հաջողվեց ոչ միայն պաշտպանել հայրենիքը Ադրբեջանի ագրեսիայից, այլեւ հաղթահարել հետպատերազմական ծանր հետեւանքները: «Ասվածի հաստատում կարող է հանդիասնալ այն փաստը, որ գրեթե 20-ամյա գոյության ընթացքում հանրապետությունը անցել է պետական կառուցման բոլոր փուլերը` բնակչության անվտանգության, երկրի շահերի պաշտպանության հապահովման հարցերի լուծումը»,- նշել է Դանիելյանը:

Նա ընդգծել է, որ ԼՂՀ իշխանությունների ջանքերը ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը այն սկզբունքներով, որոնք ամբողջությամբ արտացոլում են ԼՂՀ ժողովրդի կամքը: «Ավաղ, բանակցային գործընթացի հերթական փուլի ժամանակ, որ անցնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորությամբ, Ադրբեջանի մեղքով դեռ իրական առաջընթաց չի գրանցվել: Ավելին, Ադրբեջանը, պատրաստ չլինելով երկկողմանի փոխզիջումների, մերժում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը` պնդելով երկրի տարածքային ամբողջականության «անձեռնմխելիության» սկզբունքը: Հենց այդ հանգամանքը թույլ չի տալիս նոր ազդակ հաղորդել բանակցություններին, զարգացնելով այն դրական տենդենցները, որոնք այս 10 տարվա ընթացքում գրանցվել են` միջազգային միջնորդների օգնությամբ»,- գտնում է ԼՂՀ վարչապետը: Նրա խոսքերով, Բաքվի իշխանությունների ոչ կառուցողական քաղաքականությունը, հարցի ուժային մեթոդներով կարգավորման անպատասխանատու կոչերը սպառնալիք են ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: «Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմաթիվ անգամներ հայտարարել են հարցի բացառապես խաղաղ միջոցներով կարգավորման հստակ որոշման մասին, եւ այսօր ղարաբաղյան իշխանությունները պատրաստ են աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործնեությանը, որի ներուժը դեռ սպառված չէ»,- ասել է Դանիելյանը:

Անուշավան Դանիելյանը նաեւ ընդգծեց, որ չնայած հակամարտությունը կարգավորված չէ եւ ԼՂՀ-ն ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, շարունակում է բարձրանալ Լեռնային Ղարաբաղի հեղինակությունը` որպես դե-ֆակտո անկախ պետություն: «ԼՂՀ-ն շահագրգռված է զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի բոլոր երկրների հետ, ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի մակարդակով եւ պատրաստ է համագործակցության, այդ թվում եւ Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, հայտնում է Դե-Ֆակտոն: