AM
26 Հունիս 2006 - 14:12 AMT

2007 թվականին Ալեքսանդրիայում տեղի կունենա հայ-եգիպտական գործարար համաժողով

2007 թվականին Ալեքսանդրիայում տեղի կունենա հայ-եգիպտական գործարար համաժողով: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի եւ Ալեքսանդրիայի Գործարարների Միության (ԱԳՄ) նախագահ Մուհամմեդ Ռագաբի միջեւ հանդիպման ընթացքում: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ համանման կազմակերպության հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին: ԱԳՄ-ն ընդունել է նաեւ Ռ.Կարապետյանի առաջարկը դեպի Ալեքսանդրիա Շիրակի շրջանի գործարարների պտավիրակության այց կազմակերպելու վերաբերյալ: Քննարկվեցին ՀՀ-ում երկարատեւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Այցելության շրջանակներում հնարավոր կլինի նաեւ ստորագրել Ալեքսանդրիան եւ Գյումրին քույր-քաղաքներ հռչակելու վերաբերյալ համաձայնագիրը: Ալեքսանդրիայի Զբոսաշրջության եւ հյուրանոցների բարձրագույն ինստիտուտի ռեկտոր դոկտոր Մեդհաթ Էլ-Դիբը, որը ներկա էր հանդիպմանը, հայտարարեց Հայաստանին 5 կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ իր որոշման մասին:

Իր հերթին, ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման հեռանկարային ճյուղ համարեց դեղագործական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ կրթության ու գիտության ոլորտները: Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ ունեցավ Ալեքսանդրիայի նահանգապետի եւ գործարար շրջանակների հետ, այցելեց Եգիպտոսի ամենամեծ դեղագործական «Ֆարկո» ընկերություն ու «Զահրան» կենցաղային եւ էլեկտրական սարքավորումների գործարան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: