Թուրքիայում այժմ փոփոխություններ են նկատվում եւ որքան դա պարադոքսային չէ, սակայն Ռեջեփ Էրդողանի մահմեդական կուսակցությունը երկիրը տանում է դեպի ժողովրդավարություն: Մահմեդականները ցանկանում են սահմանափակել Գլխավոր շտաբի դերը երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի ղեկավար, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այժմ Թուրքիայում ավարտվում է այն փուլը, որի սկիզբը դրել են երիտթուրքերն ու Քեմալ Աթաթուրքը, որոնք թուրքերին ստիպել են հրաժարվել իրենց մտածելակերպից:
«Ներկա կառավարությունը պայքարում է իսլամին վերադառնալու համար, իհարկե ոչ ֆանատիկ, բայց իսլամին, որն աջակցում է եվրոպականացման գործընթացին: Էրդողանը կարող է դառնալ Թուրքիայի նոր նախագահը եւ դա կնշանակի քեմալականների վերջը, որոնց ներկայացուցիչն է հանդիսանում ներկա նախագահ Ահմեդ Սեզերը: Ճիշտ է, անհանգստություն կա, որ զինվորականների դիրքերի թուլացման դեպքում, մենք գործ կունենանք անկանխատեսելի Թուրքիայի հետ: Սակայն այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- ընդգծել է հայ թուրքագետը:





