Եվրոպայի խորհուրդը բանաձեւ է ընդունել, որում եվրոպական երկրների կառավարությունները մեղադրվում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ գաղտնի համագործակցության մեջ` ահաբեկչության մեջ մեղադրվողների տեղափոխման հարցում: Եվրոպայի խորհրդում գտնում են, որ որոշ երկրներ մասնակցել են հակաօրինական ավիաչվերթների կազմակերպմանը, մյուսները թույլ են տվել ԱՄՆ-ին առեւանգել կասկածյալներին իրենց երկրներում:
Բանաձեւը արտացոլում է Շվեյցարիայի եվրոպական խորհրդարանի պատգամավոր Դիք Մարտիի զեկույցի եզրահանգումները: Յոթ ամիսների ընթացքում նա հետաքննել է ԿՀՎ գաղտնի չվերթերի վերաբերյալ տեղեկությունները, որոնք , ինչպես պնդում են, կանգառներ են ունեցել Եվրոպայում: Վաշինգթոնը ընդունում է, որ ահաբեկչության մեջ մեղադրվողներին հարցաքննության համար այլ երկրներ են տեղափոխում, սակայն այն հերքում է օրինապահների պնդումները, որ այնտեղ նրանք տանջանքների են ենթարկվում:
Դիք Մարտին հետազոտել է չվերթերի մասին տեղեկությունները, արբանյակներից արված լուսանկարները եւ նրանց ցուցմունքները, ովքեր, իրենց խոսքերով, կանգառներ են ունեցել Եվրոպայում: Արդյունքում նա եկել է եզրահանգման, որ Իսպանիան, Թուրքիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան, Իրլանդիան եւ Հունաստանը իրենց տարածքը հատկացրել են բանտարկյալներ տեղափոխող ինքնաթիռների կանգնեցման համար: Նրա տվյալներով, կասկածյալներին առեւանգել են Իտալիայից, Շվեդիայից, Մակեդոնիայից եւ Բոսնիայից, հայտնում է «BBC Russian»-ը:





