Հայաստանի ԱԺ խոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը նախօրեին հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում ՀՀ Աժ նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը նշեց, որ սահմանադրության բարեփոխումների հանրաքվեից հետո ավելի քան 60 օրենքներում փոփոխություններ պետք է կատարվեն` համապատասխանեցման նպատակով, եւ արդեն իսկ տասը օրենքներում եղել են փոփոխություններ: Աշնանը Ընտրական օրենսգիրքը ընդունվելու համար ակտիվ աշխատանքներ են կատարվելու ամռանը: Տ. Թորոսյանը կարեւորեց խորհրդարանում ու խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի հետ համերաշխության մթնոլորտի ձեւավորումը` 2007 թ. խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:
Իր հերթին Թերի Դեւիսը շնորհավորեց պարոն Թորոսյանին` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ կարեւորեց առաջիկա մեկ տարվա ընթացքում խորհրդարանի աշխատանքի նշանակությունը` Հայաստանում ժողովրդավարական զարգացումների եւ մասնավորապես 2007 թ. խորհրդարանական ընտրությունների տեսակետից:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ագրեսիվ քաղաքականության խնդիրը. Ինչպես նշեց Տ.Թորոսյանը, ադրբեջանական պատվիրակության անդամները ԵԽԽՎ ամբիոնը օգտագործում են հերյուրանքներ եւ կեղծիքներ տարածելու, Հայաստանին մտացածին մեղադրանքներ ներկայացնելու համար. մասնավորապես, այս անգամ բոլոր հարցերի քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատգամավորները բարձրացնում են Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջաններում կանաչ տարածքների հրդեհման հարցը: Տ. Թորոսյանը ներկայացրեց իրականությունը, ընդգծելով, որ մինչ ԼՂՀ ղեկավարությունը երկու շաբաթ առաջ դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի օգնականի ներկայացուցչի գրասենյակ` համապատասխան դիտարկում անցկացնելու, իրավիճակը գնահատելու եւ կեղծ մեղադրանքները հերքելու համար, ադրբեջանցիները քաղաքական շոու են անում Ստրասբուրգում: Նման իրավիճակում այլեւս հնարավոր չի դառնում Հայաստանի պատվիրակության անդամներին հետ պահել պատասխան ելույթներից: Հերյուրանքների եւ կեղծ մեղադրանքների տարածումն անհարիր համարելով ԵԽ սկզբունքներին, պարոն Թորոսյանն առաջարկեց քայլեր ձեռնարկել այդ անառողջ իրավիճակը շտկելու ուղղությամբ: Թ. Դեւիսը համաձայնեց, որ իսկապես դա լուրջ խնդիր է եւ խոստացավ քայլեր ձեռնարկել:





