24 միավոր տեխնիկայից կազմված շարասյունը հինգշաբթի օրը Ախալքալաքում տեղակայված 62-րդ ռուսական ռազմակայանից ուղեւորվել է դեպի Հայաստան: Շարասյունը կազմված է անիվային տեխնիկայի 18 միավորից եւ 6 հրետանային հրանոթից: Տեխնիկան տեղափոխվում է Գյումրի այնտեղ տեղակայված 102-րդ ռազմակայանի համալրման համար: Սա առաջին շարասյունը չէ տեխնիկայով, որը տեղափոխվում է Գյումրի: Հունիսին այդ նույն ուղղությամբ մեկնել է 17 ավտոմեքենա 106 տոննա տարբեր ռազմամթերքով: Երկու օր առաջ երկաթուղային Ծալկա կայարանից մեկնել է Վրաստանից դուրս բերվող ռուսական ռազմակայանների սպառազինությամբ 12-րդ էշելոնը: Էշելոնի կազմում են 22 ինքնագնաց հրետանային հրանոթ, ինչպես նաեւ 72 տոննա զինամթերք եւ 62-րդ ռուսական ռազմակայանի այլ ռազմական գույք: Ավելի վաղ 62-րդ ռազմակայանի (Ախալքալաք) եւ 12-րդ ռազմակայանի (Բաթում) տեխնիկայով, սպառազինությամբ եւ այլ գույքով էշելոններ են ուղարկվել Ռուսաստան Ադրբեջանի տարածքով: Եվս չորս էշելոն Բաթումից Հայաստան են մեկնել Գյումրիի 102-րդ ռազմակայանը սպառազինությամբ եւ այլ գույքով համալրելու համար:





