AM
29 Հունիս 2006 - 10:04 AMT

Ղարաբաղի շուրջ բանակցությունների մանրամասների հրապարակումը չի հանգեցնի պատերազմի վերսկսմանը

Ղարաբաղի շուրջ բանակցությունների մանրամասների հրապարակումը չի կարող բերել պատերազմի վերսկսմանը: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջերս արած հայտարարությունը: «Ես չեմ կարծում, թե այնպիսի իրադարձություն է տեղի ունեցել, որը կարող է պատերազմի բերել: Ռազմական գործողությունների վերսկսման համար չկան իրական նախադրյալներ»,-ասել է նա: Ըստ նախարարի, ճիշտ կլիներ, եթե Մեթյու Բրայզան «սեփկան մեկնաբնությունների փոխարեն» հրապարակեր ոչ միայն այդ փաստաթուղթը, այլ նաեւ, մասնավորապես, այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են քի-վեսթյան բանակցությունների ժամանակ եւ դրանցից հետո: «Թե չէ սխալ է ստացվում. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում չհրապարկել բանակցությունների մանրամասները, զգացմունքային ազդեցությունից խուսափելու համար, իսկ իրենք փորձում են դա անել»,-նշել է նախարարը, հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը երկու երկրների նախագահների խնդիրն է, եւ համանախագահները կընդունեն այն, ինչ կորոշեն նախագահները:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների սեղանին դրված է կոնկրետ փաստաթուղթ, որը նրանք դեռեւս հրաժարվում են ստորագրել: Ընդ որում նա հրաժաշվել է նշել, թե համաձայնագրի հատկապես որ կետերն են հրաժարվում ընդունել նախագահները: Մ.Բրայզան ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ընդունել շրջանակային համաձայնագիր, հաղորդում է «Նովոստի Արմենիան»: